ՀՀ իշխանություններն անընդհատ գործողություններ չեն կատարում, արթնանում են լուրջ ճնշման ներքո, ինչն ընդունելի չէ։ «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով Մեդիա կենտրոնի հրավիրած ասուլիսին հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
Միաժամանակ նա նկատեց, որ ակնհայտորեն տարբերություն կա ՀՀ իշխանությունների կողմից գործադրվող ջանքերում։
«Փետրվարի վերջից սկսած՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանի համատեքստում իրոք նկատելի էր»,-ասաց նա և մատնանշեց ՀՀ ԱԳ նախարարի ելույթը, որտեղ Միրզոյանը հստակորեն բարձրաձայնել է Բաքվում պահվող անձանց իրավունքների խախտումների մասին։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնակատարի անդրադարձը ևս պետք է վերագրել ՀՀ իշխանություններին։ Հանձնակատարը հստակ հայտարարել էր, որ կամայակնորեն են պահվում։
«Բայց նման աշխատանքներ պետք է տեսնենք անընդհատ, եթե մենք չենք տեսնում մեր իշխանությունների աշխատանքը, ապա պետք է տեսնենք այլ միջազգային ներկայացուցիչների, այլ պետությունների ներկայացուցիչների կողմից։ Ճշումը պետք է անընդհատ լինի, որպեսզի որևէ խնդիր օրակարգային պահվի»,-ասաց նա։
Աննա Մելիքյանը նշեց, որ թեև ադրբեջանական կողմը ձևացնում է, թե իբր միջազգային կառույցների գնահատականներն իրենց չեն հուզում, բայց ամեն կերպ փորձում են լեգիտիմացնել իրենց արարքները և ուստի նման հայտարարություններն Ադրբեջանին ակնհայտ նյարդայնացնում են։
Նա նշեց, որ իրենց համար բավարար չէ դեսպանի կամ ԵՄ պատվիրակության անդամի հայտարությունները, թե ուշադիր հետևում են դատավարությանը և ակնակալում են արդար դատավարության ապահովում․
«Ընդհանրապես ակնկալիք չկա, որ արդար դատաքննություն կապահովվի Ադրբեջանում, բայց հատկապես նման քաղաքականացված և վրեժխնդիր դատավարության շրջանակներում ակնկալել արդար դատաքննություն՝ միամտություն է, եթե ոչ ավելի խիստ բառ օգտագործելը»,-ասաց նա։