Ռուբեն Վարդանյանի ուղերձը լսելն իհարկե ծանր է, բայց առավել ծանր է մտածել այն տողատակերի մասին. Քաղաքական վերլուծաբան


Ռուբեն Վարդանյանի ուղերձը լսելն իհարկե ծանր է, բայց առավել ծանր է մտածել այն տողատակերի մասին. Քաղաքական վերլուծաբան
Մարտ 7 15:42 2025

«Ռուբեն Վարդանյանի ուղերձը թողնում է խիստ հակասական տպավորություն: Կա հրաժեշտի ուղերձի զգացողություն, և այդ զգացողությանն ընդդիմանալու մեծ  ցանկություն»,-կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Մյուս կողմից, ըստ իս, ուղերձն իր չափազանց ուժգին էմոցիոնալ լիցքով և դրանից բխող ճնշմամբ, այդուհանդերձ ունի այդ միջոցով մտածելու հրամայականն առավել անվրեպ տեղ հասցնելու նպատակ:

Եվ պետք է հուսալ, որ հանրությունը չի բավարարվի միայն տարածելով, այլ կբավարարի նաև մտածելու այդ նպատակը:

Ընդ որում, որքան ես եմ կարողանում հասկանալ, Վարդանյանը բավականին հստակ կոչ է անում մտածել ոչ թե իր մասին, այլ խնդիրների, դրանց խորքի մասին:

Լսելն իհարկե ծանր է, բայց առավել ծանր է մտածել այն տողատակերի մասին, որ շոշափում է նա: Ի վիճակի՞ է մեր հանրությունը. դրա առաջատար կամ այդպիսի հավակնություն ունեցող խմբերը՝ ստանձնել այդ առավել ծանրը:

Թե՞ այդուհանդերձ մտքի և հոգու ուժը չի բավականացնի անել դա: Մինչդեռ, իմ կարծիքով Վարդանյանի ուղերձը այդ ուժի հրամայականի մասին է, էմոցիայի գոտու «հարմարավետությանը» չհանձնվելու անհրաժեշտության մասին է»։