Բոլոր վեճերն այսպես են ավարտվել, դեպքը խանդի հողի վրա չի եղել. նկուղում ամուսնու կողմից հրկիզված կինը նոր մանրամասներ է պատմում


Բոլոր վեճերն այսպես են ավարտվել, դեպքը խանդի հողի վրա չի եղել. նկուղում ամուսնու կողմից հրկիզված կինը նոր մանրամասներ է պատմում
Մարտ 7 09:51 2025

SHAMSHYAN.com-ը մարտի 2-ին հրապարակում էր արել այն մասին, որ Արմավիրի մարզում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։

Այսօր՝ մարտի 6-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել տուժող, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ա․ Ա․-ն, ով ցանկացավ ներկայացնել դեպքից որոշ մանրամասներ, մասնավորպաես այն, որ դեպքը չի եղել խանդի հողի վրա, այլ որ իր ամուսնու հետ բռնկված բոլոր վեճերը միշտ ունեցել են նման վերջաբան, ուղղակի այս անգամ գործը հասել է ոստիկանություն, քանի որ ամուսինը հրկիզել իրեն, սպառնացել է, որ երեխաներին կվերցնի իրենից, կվնասի իր հարազատներին և ոչ միայն։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․

«Լրատվական կայքերում դեպքի մասին տեղեկությունը տարածվում է այնպես, որ այդ ամենը խանդի հողի վրա է եղել։ Շուրջ 11 տարվա ամուսիններ ենք ու սա առաջին դեպքը չի եղել։ Նա միշտ էլ իր համար ստեղծում էր տարբեր պատճառաբանություններ՝ վեճ սկսելու համար ու սա էլ հերթականն էր։ Ամեն անգամ ինձ ծեծում էր, դանակ հանում ու սպառնում։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան արթնացանք ու սկսվեց վիճաբանություն, որը հետո ավելի թեժացավ և նա ինձ տարավ նկուղ։ Ես այդ ընթացքում մտածում էի, որ տանում է այնտեղ հաշտվելու, զրուցելու համար, բայց փաստորեն դա այդպես չէր։ Իջանք նկուղ, ինձ ստիպեց նստեմ աթոռին, կապեց, որից հետո սկսեց ծեծի ենթարկել, սղոցը մոտեցրեց պարանոցիս, սպառնաց, որ ինձ կմորթի, կվնասի իմ եղբորը, հարազատներիս, երեխաներիս կխլի։

Հետո վերցրեց ներկով լի տարան լցրեց իմ վրա ու կրակայրիչով այրեց։ Ամբողջ հագուստս բռնկվեց, վազեցի դուրս, սակայն ոչ մեկ չկար, որ օգներ։ Այդպես ինձ տեղափոխեց հիվանդանոց և պահանջեց, որ ոչ մեկի չասեմ, որ այդ ամենի հեղինակը ինքն է, այլապես կրկին սպառնալիքներ հնչեցրեց։

Ես հիվանդանոցում խաբեցի, թե իբր վառարանը վառելուց է եղել, չասեցի անգամ իմ ծնողներին, հարազատներին։

Երբ արդեն դուրս գրվեցի հիվանդանոցից, որտեղ բազմաթիվ վիրահատություններ էի տարել, կրկին վախի մթնոլորտ ստեղծեց, սպառնաց, որ ես պետք է գնամ իր տուն։ Արդեն մեկ օր անց նա նորից խմեց, ջարդեց դռների ապակիները, հայհոյեց ինձ և ես հաջորդ առավոտյան իմ ծնողներին զանգեցի ու ասեցի, իրականում ինչ է եղել ու որ գան իմ հետևից։ Ծնողներս էլ նախ գնացել էին ոստիկանություն, ապա նոր եկել իմ հետևից։ Այժմ նա կալանավորված է ու ես միչև վերջ գնալու եմ, որ արժանի պատիժ ստանա ու օրենքի առջև պատասխան տա ինձ և իմ երեխաներին պատճառված հոգեբանական ու ֆիզիկական մեծ ցավի համար»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում բացահայտել էին զարհուրելի դեպք։

Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդը իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։

Քրեական ոստիկանները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, հայտնաբերում են այդ տղամարդուն, ում  բերման էին ենթարկում ոստիկանություն։

Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել էր, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել էին  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com էր զանգահարել փաստաբան Կարեն Ղոնյանը և իր ու փաստաբան Խաչատուր Ղանդիլյանի անունից տեղեկացրել, որ տվյալ նյութում արծարծված ամուսինն իրենց պաշտպանյալն է և ներկայացրել են հրապարակման վերաբերյալ իրենց տեսակետը, որը ներկայացրել ենք ստորև. 

«Էջմիածնի գյուղերից մեկում  վառված կնոջ վերաբերյալ Ձեր նյութում նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, Ա.Հ.-ն մեղքը չի ընդունել և հայտել է որ ինքը չի հրկիզել կնոջը, որևէ փաստ գործում առկա չէ, որ ամուսինն է հրկիզել կնոջը, կնոջը հիվանդանոց է տարել ամուսինը, հիվանդանոցում խնամել է նրան, բուժման ամբողջ ծախսերը ամուսինն է կատարել։ Կինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո գնացել է ամուսնու տուն»։