Երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի ՀՀ ազգային վարորդական վկայական, եթե այլ պետություններում ստացել են 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Նախագիծը մշակել ու կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հիմնավորման՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած և Վիեննայի՝ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա ՀՀ ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու, սակայն դրա կարգավորումները, կիրարկումը բացակայում է։
Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքը պատասխանատվություն է սահմանում ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելու համար։ Սակայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, այցելում են ՀՀ և ՀՀ-ում վարում են տրանսպորտային միջոց իրենց քաղաքացիության մյուս երկրի կողմից տրված վարորդական վկայականով։
Նման կարգավորումը զրկում է վերը նշված կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ունենալով սահմանված կարգով ստացված և միջազգային իրավական ակտերին համապատասխանող վարորդական վկայական, ՀՀ-ում տրանսպորտային միջոց վարելու հնարավորությունից, այդ թվում՝ զրկելով վերջիններիս իրենց տրանսպորտային միջոցները վարելով ՀՀ այցելելու հնարավորությունից։
Նախագծի ընդունմամբ, ըստ ՆԳՆ-ի, ազգային վկայականների տրամադրման գործընթացը կկարգավորվի։