«Ինքնակամ է թռել պատուհանից, ոչ ոք նրան չի հրել». տնօրենը մանրամասներ է պատմում Ջրվեժի դպրոցում տեղի ունեցած դեպքից


«Ինքնակամ է թռել պատուհանից, ոչ ոք նրան չի հրել». տնօրենը մանրամասներ է պատմում Ջրվեժի դպրոցում տեղի ունեցած դեպքից
Մարտ 6 16:21 2025

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջրվեժի դպրոցում աշակերտի՝ 3-րդ հարկի պատուհանից ընկնելու դեպքի մասին:

Դպրոցի տնօրեն Լիլիթ Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 7-րդ դասարանի աշխարհագրության դասի ժամանակ: Ուսուցիչը երեք տղաների ասել է, որ փակեն պատուհանները, քանի որ դրսում շինարարություն է եւ փոշին լցվում է դասասենյակ: Երեք տղաներ, ըստ տնօրենի, մոտեցել են պատուհաններին, այդ ընթացքում նրանցից մեկը բարձրացել է պատուհանագոգի վրա: Ուսուցիչն ասել է՝ այդպիսի կատակներ չեն անում, իջիր ցած, սակայն տղան հետ է նայել ու թռել է ցած:

«Ինքնակամ է թռել, ոչ ոք նրան չի հրել: Դպրոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ընկնում ոտքերի վրա»,-ասել է տնօրենը՝ հավելելով, որ դպրոցում այդ աշակերտը որեւէ խնդիր չի ունեցել:

Տնօրենը ենթադրում է, որ ընտանիքում են խնդիրներ եղել, նաեւ ենթադրում է, որ կախվածություն է ունեցել համակարգչային խաղերից:

Նա հավելել է, որ այժմ աշակերտը հիվանդանոցում է, ոտքն է կոտրված երկու տեղից, ճակատային հատվածում պատռվածք ունի: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: