ՄԻՊ Անահիտ Մանասյանը տարակուսած է լուրերից, ըստ որոնց, հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել իրեն։
«Նման իրավիճակ, նման քննարկում չի եղել։ Զարմացած եմ, թե ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունը, որովհետև ի սկզբանե գաղափարը եղել է այն, որ աշխատակազմը հետաքրքրվում է՝ արդյո՞ք այդ պահին հնարավոր է զրուցել անձանց հետ, մեզ տեղեկացրել են, որ այդ պահին տիկին Թանդիլյանը քնած է, հետո էլ՝ թույլ է հաղորդակցության համար, մենք նույնիսկ փորձ չենք արել հաղորդակցություն ունենալու, պարզապես, տեղում հետաքրքրվել ենք իրավիճակով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մանասյանը նշեց, որ իր համար տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նման մարդասիրական միջոցառման հետ կապված նման տեղեկատվություն է տարածվում, էությունը փոխվում է ներքաղաքականի։
ՄԻՊ-ն ասաց, թե ինքը հացադուլ հայտարարած անձանց այցելել է մարդկային հանգամանքներից ելնելով։