Հիմա հետահայաց հասկանում եմ, որ ինչքան խնդիր եղել է՝ իմ չիմացության պատճառով է եղել. Նիկոլ Փաշինյան


Հիմա հետահայաց հասկանում եմ, որ ինչքան խնդիր եղել է՝ իմ չիմացության պատճառով է եղել. Նիկոլ Փաշինյան
Մարտ 5 17:38 2025

«Երբ ես խոսել եմ դատարկ ավտոբուսների մասին, ես խոսել եմ կիրակի առավոտյան ժամի մասին։ Ես կիրակի առավոտներն էլ եմ շուտ արթնանում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և պնդեց, որ տեսել է բազմաթիվ դատարկ ավտոբուսներ։

Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանի հարցին, որը նշեց, թե Փաշինյանը հայտարարում է, թե ավտոբուսները դատարկ են առավոտյան, բայց փողոցներ կան որտեղ մեկական ավտոբուսներ են մտնում, կամ չեն մտնում և մարդիկ երկար ժամանակ են հատկացնում իր նպատակակետները հասնելու համար, իսկ նախկին տրանսպորտային համակարգում նման խնդիր չկա։

«Նույնիսկ կեսօրին մոտ էլ է դատարկ է լինում կիրակի օրը»,- ասաց Փաշինյանը և տեղեկացրեց, որ երկուշաբթի օրն էլ է ավտոբուսով գնացել աշխատանքի և արդեն զրուցակցին ասել,  որ այդքան լիքն առաջին անգամ է տեսնում։

«Այն տարածքներում, որոնք ես տեսել եմ, ավտոբուսների շատ մեծ հոսք կա։ Կանգառում կանգնում ես՝ անընդհատ ավտոբուս է գալիս, անընդհատ ավտոբուս է գալիս, ու, անկեղծ ասած, այն շատ ուրախացնող փաստ է»-ասաց Փաշինյանը։

Նա գասպարյանին առաջարկեց երթուղիների մասին տալ առաջարկություններ, որոնք կփոխանցի Երևանի քաղաքապետին։

«Սկզբնական շրջանում էդ վալիդատորներ աշխատելու, տոմս գնելու հետ պրոբլեմների հետ կապված, իմ օրինակով եմ ասում, որ ուրիշը չնեղանա, գիտելիքի խնդիր է ընդամենը։ Պետք է իմանալ,  թե այն ոնց անել։ Հիմա հետահայաց հասկանում եմ, որ մեծ հավանականությամբ, ինչքան խնդիր եղել է իմ չիմացության պատճառով է եղել։ Նոր սարք է ամեն նոր սարքի հետ առնչվելիս ինչ որ բան նենց չի գնում»,-հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ անժամկետ տոմսերը նրա համար է, որ քաղաքացին անընդհատ չի վճարելու և մի ավտոբուսը երբ գա, կարող է  նստի դրանով մոտենա իր նպատակակետին, հետո փոխի ավտոբուսը, նորը նստի։

Իրինա Գասպարյանը նշեց, թե գրավոր չի դիմելու և խնդրահարույց փողոցների և երթուղիների մասին չի հայտնի։

Փաշինյանն էլ պատասխանեց, թե այդ դեպքում ինքն էլ ամեն անգամ հարց հնչեցնելուց չի կարող պատասխանել քաղաքապետարանի փոխարեն։