ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանն արձագանքել է լուրին, որ հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ․
««Առավոտ» լրատվական կայքի ողջ անձնակազմին վերաբերվում ենք մեծ հարգանքով, սակայն պետք է նշենք, որ տարակուսած ենք տարածված ձևակերպումից, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հրաժարվելու մասին խոսք անգամ չի եղել Ազատության հրապարակում: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց, հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Նպատակն էր տեղում ծանոթանալ վիճակին: Որևէ կոնկրետ անձի հանդիպման առաջարկ չի արվել, ուստի հանդիպման առաջարկին հավանություն կամ մերժում ևս չի ստացվել: Մասնագիտական էթիկայի սկզբունքների համաձայն՝ ՄԻՊ աշխատակազմն ի սկզբանե ճշտել է, թե արդյոք կարո՞ղ են զրուցել հացադուլ իրականացնողների հետ, ինչին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ Մանե Թանդիլյանը քնած է և նկատի ունենալով երկարատև հացադուլը՝ նաև թույլ է հաղորդակցության համար։ Պահպանելով մասնագիտական էթիկայի սկզբունքները՝ Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները զրուցել են տեղում գտնվող գործընկերոջ և բժշկի հետ, հետաքրքրվել հացադուլ իրականացնողների առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: ՄԻՊ հաստատության համար առնվազն տարակուսելի են նման մարդասիրական խնդրին առնչվող թեմայով այսպիսի ձևակերպումներն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելը: Նկատի ունենալով ՄԻՊ հաստատության` մարդու իրավունքները և մարդասիրական խնդիրները գործունեության առանցքում ունենալու սկզբունքը, էթիկապես կոռեկտ չենք համարում այս թեմայով ունենալ հետագա քննարկումներ»: