Մարզպետի նախկին օգնականի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել, պնդում են` մեկը դա դրել է նրա գրպանը


Մարզպետի նախկին օգնականի օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել, պնդում են` մեկը դա դրել է նրա գրպանը
Մարտ 4 21:46 2025

Արագածոտնի ՔՊ-ական մարզպետի արդեն նախկին օգնականի, Արմեն Մարկոսյանի, որին դեկտեմբերի 16-ին ձերբակալել էին ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով, ապա 3 օր անց ազատ արձակել, փորձաքննության արդյունքում օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մարկոսյանի փաստաբան Մնացական Մարուքյանը։ 

Փաստաբանը 24News-ի հետ զրույցում մանրամասնեց, որ թմրամիջոցը, որը փորձաքննության է ենթարկվել, մարիխուաննա տեսակի է եղել, ընդ որում  նախապես հայտարարված 11,47 գրամ թմրանյութից հետագայում պակասել,  դարձել է 10․49 գրամ, փաստաբանի խոսքով, ըստ նախաքննական մարմնի՝ չորացել է։ 
Մարուքյանի  խոսքով, նախաքննությունն իրականացվել է ո՛չ օբյեկիվ, ո՛չ լիարժեք և ո՛չ բազմակողմանի․ 
«Նոր քրեական օրենսգիրքը ապահովագրում է նախաքննական մարմնին։ Հենց գործը հարուցում են, միանգամից մեղադրանքը ներկայացնում են, անմիջապես փաստաթուղթ են դեմ տալիս թե՛ մեղադրյալին, թե՛ պաշտպանին՝ ստորագրեք, որ նախաքննության գաղտնիք չհրապարակեք, դրանով կաշկանդում են։ Նախաքննությունը բազմակողմանի, լրիվ կատարելու փոխարեն կատարում են այնպես, ինչպես ցանկանում են։ Մի շարք փորձաքննություններ էին նշանակված և ստացվեց այնպես, որ վերջին փորձաքննության արդյունքները մեզ ներկայացվեց ծանոթանալու 2025 թվականի փետրվարի 27-ին և որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Թմրանյութը, որը տեղադրված էր պոլիէթիլենային տոպրակում և դրված էր Արմեն Մարկոսյանի գրպանում, մատնահետքեր չի պարունակում։ Նայում ենք տեսագրությունները, երևում է, որ բաց, թափանցիկ մատներով է հայտնաբերվում, հետագայում պարզվում է, որ մատնահետք չկա, ես ինչ ասես, կմտածեմ։ Մենք հարց ենք ուզում բարձրաձայնել՝ արդյո՞ք փաթեթի մեջ եղած պարունակությունը թմրանյութ է եղել, որ դրանով իսկ հասկանանք, թե դա նույն փաթեթն է, որտեղից հայտնաբերվել է թմրանյութը, չունենք պատասխան»,- մանրամասնեց փաստաբանը։ 

Փաստաբանի փոխանցմամբ, Արմեն Մարկոսյանն ինքը հայտարարում է, որ թմրանյութը իր գրպանում տեղադրվել է ինչ-որ մեկի կողմից․

«Թմրանյութն առանց ջանքեր գործադրելու, անմիջապես հայտնաբերվել է Մարկոսյանի այն գրպանից, որտեղ տեղադրված է եղել։ Նախաքննական մարմինը հարցաքննել է բազմաթիվ մարդկանց, ի վերջո, պատասխան չի տվել, թե ո՞վ է տեղադրել թմրանյութը, արդյո՞ք դա ձեռք է բերել Արմեն Մարկոսյանը և բացի օպերատիվ տեղեկություններից և անմեղության կանխավարկածը խախտած ոստիկանական տեղեկատվությունից, որևէ քրեադատավարական ապացույց չկա։ Ես շուրջ 30 տարի զբաղվել եմ նախաքննությամբ, նման կարգի նախաքննությունն ինձ համար խորթ է։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է նման ապացույցներով մեղադրանք ներկայացնել և նման ապացույցներով գործը ուղարկել դատարան։ Այնուամենայնիվ, մենք միջնորդելու ենք, որ դատարանում դատաքննությունը  լինի դռնբաց»,-պնդեց Մարուքյանը։

Մնացական Մարուքյան նշեց նաև, որ իրենք դեռ հիմնավոր կերպով կապացուցեն, որ Մարկոսյանը թմրանյութի հետ առնչություն չունի։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզպետի նախկին օգնական Արմեն Մարկոսյանի մոտ համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին էին տեղափոխել և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։

Երկուշաբթի առավոտյան՝ տնից դուրս գալուց, ոստիկանության 2 մեքենա կանգնեցնում և մեքենայից դուրս են քաշում Մարկոսյան Արմենին, պառկեցնում են ասֆալտին, ձեռնաշղթաներ հագցնում ու տեղափոխում են ոստիկանության բաժին։ Այս մասին 24News-ին հայտնել էր Մարկոսյանի տվյալ ժամանակահատվածի փաստաբան Գագիկ Պապոյանը։ 

Ըստ փաստաբանի՝ արդեն բաժնում քրեական ոստիկանների ներկայությամբ Արմեն Մարկոսյանի բաճկոնի աջ գրպանից հանել էին 11․47 գրամ դեղնականաչավուն զանգված։ Մարկոսյանը բաժնում պնդել էր, որ դա իրենը չի եղել և հասկանալի չէ, թե որտեղից է իր մոտ հայտնվել։ 

Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հայտնել էր, որ այլ տողատակեր է տեսնում այս պատմության մեջ, քանի որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ իր օգնականի ու Աշտարակի համայնքային ոստիկանության պետի հարաբերությունները լարված են և որ հնարավոր է՝ «գլխին սարքել» են։ 
Նշենք նաև, որ Արմեն Մարկոսյանին աշխատանքից ազատել է հենց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Փորձեցինք պատճառները մարզպետից ճշտել, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։