Համոզված եմ՝ Ադրբեջանն իր համար պատեհ պահի կգնա արկածախնդրության․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)


Համոզված եմ՝ Ադրբեջանն իր համար պատեհ պահի կգնա արկածախնդրության․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Մարտ 4 21:06 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարությունը՝ խորհրդարանում․

«Ադրբեջանն այնքան ժամանակ բանակցությունների գործընթացը փակուղի կմղի և ժամանակ կձգի, քանի Հայաստանում գործող իշխանությունն իր համար բարենպաստ  դաշտ է ձևավորում պարտադրանքի ու նախապայմանների լեզվով խոսելու, զիջումներ պարտադրելու, շանտաժի ենթարկելու համար, ինչն էլ ուղեկցվում է ակնհայտ ծաղրով ու արհամարհանքով:

Այս օրերին շատ է հարցադրում հնչում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, այնուամենայնիվ, չի համաձայնվում Հայաստանի իշխանության այն առաջարկներին, որոնք մեծ առումով բխում են իր շահերից:

Պատասխանը շատ հստակ է. Բաքվում դեռ հնարավորություն են տեսնում Հայաստանից ավելին պոկելու և Հայաստանին, որպես միջազգային սուբյեկտ, վերջնականապես շարքից հանելու առումով:

Հայաստանի իշխանության ցանկացած նոր զիջում ավելի է ուժեղացնում Ադրբեջանին և, ըստ էության, առավել ուժգնացնում Հայաստանի դեմ նորանոր հարվածները:

Արդյոք Ադրբեջանի ճնշումներն ու պահանջները միայն բանակցային գրոհներո՞վ են արտահայտվելու:

Համոզված եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում, կգնա արկածախնդրության:

Սա ասում եմ՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ, Թուրքիան և Ադրբեջանն ավելի շատ պատկերացնում են ոչ թե միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայություն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զորամասերում փակցված քարտեզներն են՝ առանց Սյունիքի, Վայոց ձորի և մասնատված Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերով:

Արդյոք Հայաստանում հաստատված վարչակազմը գիտակցո՞ւմ է իրադրության լրջությունը:

Վստահ եմ՝ այո, սակայն իշխանության իրացրած քաղաքականության հիմքում ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, այլ կամայական տարածքի գոյությունը, որտեղ նրանք որևէ ձևով կարող են իրենց իշխանությունն իրացնել՝ անկախ նրանից, թե դա ինչ կարգավիճակով կամ սահմաններով կլինի:

Իշխանության հանցավոր արարքների հիմքում սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ դաժան վերաբերմունքի քողարկումն է, երկրին հասցված ծանր հարվածի հետքերի վերացումն ու գաղափարախոսության անվան տակ «պարտվողական Հայաստանի» կոնցեպտի պարտադրումը»: