Իմ պատկերացրած Գյումրին բոլոր հայերի հայրաքաղաքն է. Ռուբեն Մխիթարյանը փաստաթղթերը ներկայացրեց ԸԸՀ


Իմ պատկերացրած Գյումրին բոլոր հայերի հայրաքաղաքն է. Ռուբեն Մխիթարյանը փաստաթղթերը ներկայացրեց ԸԸՀ
Մարտ 4 18:08 2025

«Իմ հզոր համայնք» կուսակցությունով Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու նպատակով համապատասխան փաստաթղթերը ներկայացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

«Իմ պատկերացրած Գյումրին ոչ միայն Հայաստանի հայերի հայրաքաղաքն է, այլ համայն հայերի հայրաքաղաքն է, որովհետև Գյումրին մեր ժողովրդի բոլոր դժվար ժամանակահատվածներում իսկապես հայրություն է արել իր որբերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբեն Մխիթարյանը:

«Գյումրին պետք է դառնա հայրաքաղաքի այն վառ հոր տեսակը, որը ես ունեմ իմ սրտի մեջ, ես ունեմ իմ գլխի մեջ և ուզում եմ այդ ամեն ինչը փոխանցել իմ քաղաքին, իմ ժողովրդին, իմ պետությանը, համայն հայությանը: Իմ պատկերացրած Գյումրին պետք է դադարի կռիվ տալ անցյալի հետ, որպեսզի չհայտնվի հերթական ներկայի ճահիճում»,- նշել է նա:

«Իմ պատկերացրած Գյումրին ապագայի Գյումրին է, այն Գյումրին է, որն ընդհանրապես կոնֆլիկտի մեջ չի նախկին Լենինականի հետ, այլ շարունակողն է Լենինականի  փառահեղ ավանդույթների»,-ընդգծել է Ռուբեն Մխիթարյանը: