Ադբեջանում հնչող ցանկացած ցուցմունք չի կարող լեգիտիմ լինել, որովհետև դա տեղի է ունենում ճնշումների ու բռնությունների համատեքստում. Տիգրան Աբրահամյան


Ադբեջանում հնչող ցանկացած ցուցմունք չի կարող լեգիտիմ լինել, որովհետև դա տեղի է ունենում ճնշումների ու բռնությունների համատեքստում. Տիգրան Աբրահամյան
Մարտ 4 13:59 2025

Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը եղել և մնում է Հայաստանի դեմ ճնշման նոր հնարավարություն ստեղծելը կամ, ինչպես ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողներն են արձանագրում, Հայաստանի դեմ լեգիտիմ պատերազմի հիմք ստեղծելը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի համար ակնհայտ է՝  Ադրբեջանում պատրաստում են որոշակի «իրավական քեյսեր», որպեսզի հետագայում բանակցային գործընթացում որպես լրացուցիչ ճնշում օգտագործվի Հայաստանի դեմ։

«Ադբեջանում հնչող ցանկացած ցուցմունք չի կարող լեգիտիմ լինել, որովհետև դա տեղի է ունենում ճնշումների ու բռնությունների համատեքստում»,-ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ի սկզբանե պարզ էր և հիմա էլ կեղծ դատավարության ընթացքում ակնհայտ է դառնում՝ կառուցվում է մի մոտեցում, որը եղել է ադրբեջանական քարոզչական տարբեր տարիների հիմքում, առ այն, որ Հայաստանն ագրեսոր է, Հայաստանը տարածքային վեճ է  հրահրել Ադրբեջանի դեմ, Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները և այլն։

«Փորձում են ճնշումների, կյանքի սպառնալիքների միջոցով ստանալ սրա հետ կապված փաթեթավորումներ՝ ցուցմունքների ձևով»,-  ընդգծեց Աբրահամյանը։