ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Ադրբեջանի հետ բանակցությունները դադարեցնելով՝ գերիները հետ կվերադարձվեն։
«Հե՞տ են տալու մեր գերիներին, թե՞ վախենալու են... եթե Վարդան Օսկանյանը նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Օսկանյանը, հիշեցնենք, ասել էր, որ հայ գերիների՝ Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է․
«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն անի, որ ինքը դադարեցնում է Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, ընդհատում է կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան»։
Սիմոնյանի խոսքով՝ այդ հայտարարությունը էսկալացիան բարձրացնելու հնարավորություն է։
«Գերիների մասին այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանո՞ւմ եք, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, ու մենք այդ մարդկանց հետ ենք բերել։ Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-ը կամ 12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ եթե գերիների վերադարձի հարցով տեսանելի քայլեր անեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնան․
«Որևիցե մեկի մոտ կասկած թող չլինի, որ որևիցե մի ռազմագերի, որը հիմա Բաքվի դատարնում ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ, նրանք մեր հայրենակիցներն են ու իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերը արվել են ու արվելու են։ Ուղղակի հիմա դատավարության աղմուկը բարձր է, բոլորը շուտափույթ լուծումներ են ուզում, որն այս փուլում, հաշվի առնելով, թե ովքեր են դատավարությունն իրականացնում, շատ դժվար է լինելու։ Բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»։