ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ճիշտ չի համարում մեկնաբանել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունները։
«Թույլ տվեք՝ ես չմեկնաբանեմ Բաքվի բանտերում, Բաքվի ռեժիմի կողմից ճմնշումների տակ գտնվող մեր հայրենակիցների նմանատիպ հայտարարությունները, որովհետև ինչքան էլ ես Արայիկ Հարությունյանի հետ ունենամ քաղաքական տարաձայնություններ, այնուամենայնիվ, նա Բաքվի բանտում է, գերի է»,- ասաց Շարմազանովը։
Շարմազանովի խոսքով՝ մեր ամոթն է, որ նրանք բոլորն այնտեղ են․ «Եվ մենք պայքարում ենք, որ առանց բացառության հայ գերիներն օր առաջ վերադառնան Հայաստան»։
Մյուս կողմից Շարմազանովն իր հիացմունքն է հայտնում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին, ով, գտնվելով ադրբեջանական բանտում, իր ցուցմունքում հստակ նշել է, որ դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է, և որևէ պետության դատարան չի կարող իրենց դատել։
«Ես իմ հիացմունքն եմ հայտնում իր հերոսական այդ կեցվածքի համար»,-ասաց նա։
Նշենք, որ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, մարտի 3-ին Բաքվի հերթական շինծու դատավարության ժամանակ ցուցմունք էր տվել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկացել է նամակ գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա թույլ չի տվել, նաև որ տեղյակ չի եղել 2020 թվականի ամռանը Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից, պատկերացում չի ունեցել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: