4 զոհ․ Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում


4 զոհ․ Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում
Մարտ 4 08:32 2025

Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են։ Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա փրկարարները մահացածների մարմինները պատգարակներով մոտեցրել են Ալավերդու բժշկական կենտրոնի դիատարներին։Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել են Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Գևորգյանը և Թումանյանի հրշեջ փրարարական ջոկատի հրամանատար Բարսեղյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։Դեպքի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրիկ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։

 

Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել «DAF»-ի վարրոդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխովում են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկությունը նշված վայրում որոշ ժամանակ դադարեցվել էր, քանի որ քննիչները վթարի վայրի զննություն էին կատարում։