Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներընդդիմադիր կսմիթների ֆոնին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում փորձել էր կոնկրետ օրինակով ցույց տալ՝ ինչ է միասնականությունը՝ նկատելով, որ միասնական լինելը ոչ թե տարաձայնությունների բացակայությունն է, այլ հայրենիքի շահի գերադասումն է խմբայինից, և որպես դրա ապացույց՝ բերել Ապրիլյան քառօրյա պատերազմի օրինակը:
«2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը։ Այդ Հայաստանի խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերը համախմբված էին հանուն Արցախի ու մեր հաղթանակի։ Բոլորս մի կողմ դրեցինք ներքաղաքական տարաձայնությունները։
Մենք՝ իշխանություններս, բաց էինք ընդդիմության համար, բոլորս միասին էինք, բոլորը խորհրդարանում դարձել էին քույրեր և եղբայրներ, որոնք կանգնած էին իրենց ծնողի՝ ՀՀ-ի թիկունքին, պաշտպանելու իր զավակին՝ Արցախին»,- գրել էր Շարմազանովն ու նկատել՝ «Պետք է շտապ ԱԺ հայտարարություն ընդունեինք… Հայտարարության ընդունումն անիմաստ կլիներ, եթե բոլոր խմբակցությունները միասնաբար հանդես չգային… Կարճ ժամանակ անց հայտարարությունը պատրաստ էր»։
«Բարձր գնահատելով այն ժամանակվա ընդդիմության դրական դերը՝ նշեմ, որ նման կառուցողականության հասանք նախ և առաջ 2016-ի իշխանությունների ու, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանի պետականամետ վարքագծի հետևանքով։ Մենք Նիկոլի նման չբաժանեցինք քաղաքական ուժերին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների։ Դրա համար էլ հաղթեցինք։ Հաղթեցինք, քանի որ մայրաքաղաքում միասնական էինք»,- նշել էր ԱԺ նախկին փոխխոսնակը:
Գրառման մեկնաբանությունների բաժնում քննարկում էր ծավալվել, և օգտատերերից մեկը կոչ էր արել՝ «Դե հիմա էլ հանուն Հայրենիքի տարաձայնությունները մի կողմ թողեք»:
Էդուարդ Շարմազանովն արձագանքել էր օգտատիրոջ գրառմանը:
«Հայրենիք հանձնողների հետ ի՞նչ միասնություն։
Կամ Նիկոլին բերողների ու մինչև օրս «Սերժ մերժողների» հետ ի՞նչ միասնություն»,- նշել էր նա:
Վերջինս նաև հավելել էր՝ միասնությունը պետք է լինի արժեքային ու գաղափարական։
«Շրջանակներ կան՝ ՀՀԿ-ի դեմ ավելի շատ են պայքարում, քան նիկոլիզմի։
Դրանց հետ ի՞նչ միավորվես, հարգելի՛ս»,- եզրափակել էր Շարմազանովը: