Գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է շարունակել աշխատանքը. Պարույր Հովհաննիսյան


Գերիների հարցն ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է շարունակել աշխատանքը. Պարույր Հովհաննիսյան
Մարտ 3 14:14 2025

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ռազմագերիների հարցը ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն այսօր ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց` ԵՄ-ի հետ աշխատանքների ժամանակ կամ այլ խողովակներով արտգործնախարարությունը հնարավորություն արդյոք ունեցե՞լ է բարձրացնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

«ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ-ի հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։ Ասել, որ կոնկրետ գործողությունները, քայլերը մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա վստահեցրեց, թե գերիների հարցով ԱԳՆ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները։