Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի. «Ժողովուրդ»


Սպառնում են Հայ Առաքելական եկեղեցուն, բայց պետբյուջեի միջոցներով ԱՄՆ են մեկնում` կրոնական գագաթնաժողովի. «Ժողովուրդ»
Փետրվար 6 09:52 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում իշխանությունները սպառնում են հայ առաքելական եկեղեցուն, արհամարհում եւ թիրախավորում են, սակայն պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով կրոնական միջոցառմանը մասնակցելու համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը օվկիանոսներ է կտրում-անցնում՝ 9-10 հազար կիլոմետր։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Փաշինյանը, իր տիկինն ու էլի ուղեկցողներ մեկնեցին ԱՄՆ, որ փետրվարի 3-7-ը մասնակցեն Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 1-ից։

Որպես վարչապետ՝ Փաշինյանի մասնակցությունը հասկանալի է, բայց այ պատգամավոր Արսեն Թորոսյանի ներկա գտնվելը, ով աթեիստ է, բայց մասնակցում է կրոնական միջոցառմանը, խիստ տարակուսելի է:

Հիշեցնենք, որ խոսքը նույն Արսեն Թորոսյանի մասին է, ով հայտարարել է. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: «Ես աթեիստ եմ, հարցեր կա՞ն…» ԱԺ ամբիոնից հայտարարել է նույն Թորոսյանը:

Հարցական է, թե այդ որ արժանիքի համար է աթեիստ Արսեն Թորոսյանը հասել ԱՄՆ՝ կրոնական միջոցառման մասնակցելու։ Սա ծաղրանք է հավատացյալների՞, ԱՄՆ-ի՞, թե՞ ինքն իր նկատմամբ:

Ի դեպ, Արսեն Թրոսյանն ԱՄՆ է մեկնել պետբյուջեի հաշվին՝ օրապահիկի, գիշերավարձի եւ ավիատոմսի ամբողջական փոխհատուցմամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: