«Միշտ համեմատել եմ, մինչ օրս էլ համեմատում եմ». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանից հետո այլ տղամարդկանց ընտրելու մասին


«Միշտ համեմատել եմ, մինչ օրս էլ համեմատում եմ». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանից հետո այլ տղամարդկանց ընտրելու մասին
Փետրվար 4 16:44 2025

«Ստիպված եմ ակումբային կյանքի մեջ մտել, քանի որ գալիս է մի պահ, որ մեծ բեմերից ու հեռուստաէկրաններից, անկախ քո կամքից, հետ ես մնում այդ ամենից, որովհետև արհեստական խոչընդոտներ են ստեղծվում և դժվարացնում են: Ես սիրում եմ տարբեր դժվարություններ հաղթահարել, բայց դա ոչ թե դժվարություն էր, այլ հիմնովին փակված էր: Ինձ ուրիշ հնարավորություն չէր մնում, 2000 թվականից արդեն 25 տարի է ակումբային կյանքով եմ ապրում:

Բայց երբեք չեմ հրաժարվել սեփական երգեր ունենալուց, տեսահոլովակներ նկարելուց և հյուրախաղերի մեկնելուց»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում ասել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

Խոսելով Վազգեն Սարգսյանից հետո իր կյանքում ունեցած բարդ փուլի, տղամարդկանց ընտրելու մասին, երգրուհին նշել է, որ միշտ համեմտություններ են եղել, մինչ այսօր էլ լինում են: 

«Երբ քո կյանքում լինում է մի մարդ, ով օժտված է լինում մարդկային բոլոր դրական արժանիքներով, դա քեզ ամբողջ կյանքում հետապնդում է: Երբ որդիս որևէ խիզախ քայլ է անում, ես անկախ ինձնից համեմատում եմ»:

Լիլիթ Կարապետյանը նաև պատմել է, որ 9 տարեկանում կորցրել է հորը:

«Հետո 24 տարեկանում 2 կորուստ ունեցա: Մայրանալու ցանկություն իմ մեջ առաջացավ, երբ եղբայրս մահացավ: Մինչ մայրանալս միշտ մտածել եմ, որ պիտի ունենամ տղա երեխա, նա պիտի լինի Կարեն Կարապետյան: Մտածել եմ միայն դրա մասին ու երբ դու այդքան վստահ ես, որ շատ ես ուզում մի բան, ինքնաբերաբար լինում է»,- պատմել է երգչուհին: