Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ․ Հովսեփ Աղազարյան


Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ․ Հովսեփ Աղազարյան
Փետրվար 4 14:43 2025

Արդեն հայտնի է, որ ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նոր կուսակցություն են հիմնում՝ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով, որի համագումարը կկայանա փետրվարի 8-ին։

Մամուլում այսօր գրվեց, որ Ասլանյանն ու Աղազարյանն այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու: Ի դեպ, նրանց թիմին է միանալու և կուսակցության կառավարման խորհրդի մեջ է ընդգրվելու նաև Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը օրերս հայտարարեց ՔՊ-ից դուրս գալու մասին։ 

MediaHub-ը հարցեր է ուղղել Հովսեփ Աղազարյանին։

Հարցազրույցից մի հատված՝ ստորև։

-Դուք, երբ Արցախը հանձնեցին, հաշտ էիք այս իշխանությունների հետ, երբ Ջերմուկից, Սև լճից ու մյուս տարածքներից հողեր տվեցին, երբ Կիրանցում տարածքներ տվեցին, Ձեր հայրն այդ ամենը արդարացնում էր։ Երբ ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, հանձնել է մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը, դավաճանել է մեր պետությանն ու հայրենիքին, այդ ժամանակ դարձյալ հաշտ էիք այդ ամենի հետ ու մի բան էլ արդարացնում էիք Փաշինյանի այդ բոլոր արարքները։ Հիմա փոխվե՞լ է ձեզ մոտ ինչ-որ բան այդ հարցում։

-Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան չէ։ Ես էդպես չեմ կարծել, ես էդպես չեմ կարծում և էդպես չեմ կարծի։ Պետք չէ ընկնել ծայրահեղությունների դաշտ, և էն ճանապարհը, որ ՔՊ-ի հետ անցել ենք, էդ ճանապարհը իզուր չենք անցել, և հիմա, որ մեր ջրերն այլևս նույն առվով չեն հոսում, դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ ժխտել և ծայրահեղությունների գիրկն ընկնել։ Էդպիսի բան չկա, էդպես չենք մտածել, էդպես չենք մտածում։

-Այդ դեպքում էլ ի՞նչը ձեր դուրը չի գալիս ՔՊ-ում, միայն ձեր անձի շուրջ եղած խնդի՞րն էր։ Ստացվում է, մինչև ՔՊ-ի այդ արատավոր բարքերը ձեր դուռը չծեծեցին, այդ ուղտը ձեր դռանը չչոքեց, դուք չհասկացաք, որ պետք է դուրս գալ այդ կուսակցությունից։

-Դե, էնպես ստացվեց, որ էն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, մեր ընտանիքի հետ, դրանք նաև կոնկրետ քաղաքական աստառ էին իրենց մեջ պարունակում, այսինքն, եթե էդ երևույթը, էդ հայտնի դեպքերը, որոնք տեղի ունեցան մեզ հետ, տեղի ունենային այլ մարդկանց հետ, ես դրա հետ նույնպես անհաշտ կլինեի և անթույլատրելի կհամարեի նմանատիպ գործելաոճը ևս։ Ուղղակի էնպես ստացվեց, որ դա մեզ հետ տեղի ունեցավ, և զուգադիպությունը, գուցե ոմանց համար պարադոքսալ թվա, բայց դա, կարծում եմ, տրամաբանական է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։