Ժողովուրդն իրականացնելու է իր բոյկոտը, իշխանությունը քշելու է իր ավանակը, պետք է լսեն ժողովրդին. Հայկ Մարության


Ժողովուրդն իրականացնելու է իր բոյկոտը, իշխանությունը քշելու է իր ավանակը, պետք է լսեն ժողովրդին. Հայկ Մարության
Փետրվար 3 20:09 2025

Կանխիկին վերադառնալու մասին մենք բնականաբար չենք խոսում, բացառվում է, իմ օրոք ենք սկսել այս միասնական համակարգի ներդրումը, ամեն բան արդեն պատրաստ էր, երբ ՔՊ-ն ինձ հեռացրեց քաղաքապետի պաշտոնից և, ցավոք սրտի, դա որ 2022 թվի սկզբից պետք է տեղի ունենար, սկսվեց 24-ին՝ երկու տարի հետաձգեցին այս ռեֆորմը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե շոուներին պետք է վերջ տրվի, միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է:

Ըստ Մարությանի, ի սկզբանե այս ռեֆորմի իմաստն այն էր, որ օրինակ 500 դրամով 5 տոմս գներ ուղևորը և երբ ուզեր օգտագործեր դա:

«Հիմա իրենք փորձում են մանիպուլացնել, թե մենք հետ չենք գալու կանխիկի, իսկ ո՞վ ա ձեզ ասում հետ գալ կանխիկի, մենք դա ձեզ թույլ էլ չենք տա, իսկ շոուների մասին իրենք չպետք է խոսեն, քանի որ 87 մլն տվել են իրենց ինագուրացիայի համար»,- ասաց նա:

Մարությանը նշեցղ, որ առավոտից իրենց խմբերը բոյկոտի ակցիաներ են իրականացնում տարբեր տրանսպորտային միջոցներում և ի վերջո հասել են մի շատ լավ հանգիստ բոյկոտի ձևի: «Ժողովուրդն առանց վեճերի, վարորդներն էլ շատ հանգիստ վարքագիծ են դրսևորում, մարդիկ էլ կան, որ վճարում են 150 դրամ, խնդրեմ դա իրենց իրավունքն է, բայց ամենակարևորը ստեղծված են իդեալական պայմաններ, որ այն մարդիկ, որոնք չունեն այդ 150 դրամը, իրենք հանգիստ երթևեկեն են 100 դրամով: Կարևորն այն է, որ տրանսպորտային համակարգը նորմալ գործում է, կոլապս չկա»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ միակ մարդիկ, որ տանում են տրանսպորտային համակարգը կոլապսի, իշխանություններն են: «Հորդորում եմ քաղաքային իշխանություններին՝ հրապարակել հունվար ամսին իրենց հավաքագրումներն ինչքան են եղել, համեմատեն անցած տարվա հունվարի հետ: Այս թանկացումներից հետո խնդրում եմ, հորդորում եմ՝ մեր քաղաքացիների համար հրապարակեք»,- ասաց Մարությանը:

Նա ընդգծեց, որ բոյկոտի գեղեցկությունը նրանում է, որ այն ապակենտրոնացված է և չի խանգարում մարդկանց աշխատանքին: «Այստեղ գնում է նյարդերի կռիվ, ժողովուրդն իրականացնելու է իր բոյկոտը, իշխանությունը քշելու է իր ավանակը  և ի վերջո եթե իրենք հասկանան՝ հավաքագրումներն ավելի պակաս են, այս տեմպով առաջ չեն գնալու, պետք է լսեն ժողովրդին, գինը դարձնեն հարյուր դրամ: Դրանից հետո ես անձամբ, մեր ավագանու անդամները կխնդրենք մարդկանց վճարել և որ մեր տրանսպորտային համակարգը զարգանա, և մեր իշխանությունները նորմալ կերպով վերադառնան ժողովրդի պահանջին»,- հավելեց Մարությանը: