Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարողներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են, 1-ը՝ Լիտվայի։
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳՆ-ին։
«Ձերբակալվածների մեջ են Ռուսաստանի չորս և Լիտվայի մեկ քաղաքացի»,- նշված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 1-ին, ժամը 21։32-ին հաղորդում է ստացվել, որ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նախ աշխատացրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:
Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։
Խուլիգանության մեջ կասկածվողները ձերբակալվել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձի ժամանակ։