Սկանդալային ձայնագրություն «Իմնեմնիմի»-ի գործով. «Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». դատախազ Հայկ Հարությունյան


Սկանդալային ձայնագրություն «Իմնեմնիմի»-ի գործով. «Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». դատախազ Հայկ Հարությունյան
Փետրվար 1 23:36 2025

AntiFake.am-ի տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին:

Հայկ Հարությունյանը մասնավորապես ասում է.

«Անկեղծ ասած ես էդ անձի հետ կապված (խմբ.- Նարեկ Սամսոնյան), ես չեմ թաքցնի, հակակրանք կա, էդ անձի էությունը նայելուց ուզում եմ դատեմ: Չասեք` շահագրգռվածության, անաչառության հարց կլինի, իրականում էդ անձի, «վոբշմ» ինքը իմ վրա վատ ազդեցություն ունի: Ինքը դատվածություն չունի, որովհետև ինքը դատապարտվում է առանց պատժի նշանակման: Ինքը պատիժ չի կրում: Ինքը քրեական օրենսգրքով նախատեսված պատժի համակարգով սահմանված կարգով որևէ պատիժ իրա նկատմամբ չի նշանակվել, որովհետև վարույթի ժամկետներն անցել են»:

Լսարանից հարց է հնչում` «ո՞ր հոդվածով է անցնում»: Հայկ Հարությունյանը պատասխանում է՝ «խուլիգանություն»: «Էդ հոդվածով ես եմ հարուցել: Իրանք ուզում են էդ գործով շոու անեն, թող ապահովեն, կիմանան շոուն որն ա, «պրոստը» իրանք մտածում են` ես չեմ սիրում շոու: «Պրոստը» իրանք չեն մտածում, որ ես իրանց տալու եմ էդ շոուն»,- ասում է Հարությունյանը:

Նշենք, որ օրերս՝ հունվարի 31-ին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: