ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընդգծում է՝ իշխող ուժը երկրի կառավարումը ձախողել է, սակայն իշխանության տարբեր մարմինների և օղակների ներկայացուցիչները շռայլ աշխատավարձեր են ստանում։
«Որ մայրաքաղաքի, ինչպես և առհասարակ երկրի կառավարումը մեղմ ասած՝ կոլապսի մեջ է, ավելի քան ակնհայտ է։ Գրեթե բոլոր ինստիտուտները՝ բարոյականից մինչև սոցիալ-տնտեսական, կաթվածահար են։
Իշխող քաղաքական ուժը չի կարողանում, պարզապես չունի երկրի ղեկը ստանձնելուն համարժեք պատկերացումներ, գիտելիքներ, փորձ և կառավարման պարզունակ հմտություններ։ Սա անուն ունի՝ քաղաքական դեֆոլտ, ինֆանտիլիզմ․․․
Բայց տե՜ս, որ սրանք զարմանալիորեն բարձր են գնահատում իրենց «նվիրումն ու ջանքերը»։
Ծանոթացեք քաղաքապետարանի աշխատավարձերի սանդղակին ՝ բոլոր նախկին ցուցանիշները գերազանցած։
Ամիսներ առաջ իմ հարցադրմանը, թե ինչու են մշակույթի ոլորտի աշխատավարձերը աղքատության շեմին պահում (70-80 000), վարչախմբի պարագլուխը մոտավորապես հոխորտաց․ թե չաշխատողներն ինչու պիտի վճարվեն․․․»,- գրել է Լիլիթ Գալստյանն ու հղում արել «Առավոտ»-ի այսօրվա հրապարակմանը, որում մանրամասնորեն նշված է, թե ով և որքան է վճարվում այսօրվա քաղաքապետարանում։
Մասնավորապես, Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստանում է 1 320 000 դրամ աշխատավարձ, նրա առաջին տեղակալը՝ 1 020 000 դրամ աշխատավարձ, 4 տեղակալներից յուրաքանչյուրը՝ 952 000 դրամ, 7 խորհրդականներից յուրաքանչյուրը՝ 629 000-ական դրամ, 4 օգնականները՝ 544 000-ական դրամ:
«Փաստորեն, օգնականները ստանում են համարյա այնքան աշխատավարձ, որքան Երևանի քաղաքապետը՝ հեղափոխությունից առաջ»,- նշված է հոդվածում:
Ամենախոսունը, սակայն, քաղաքապետարանի գործավարների աշխատավարձերն են, դրանք 2 և ավելի անգամ ավելի են, քան, դիցուք, ԵՊՀ կամ մանկավարժական համալսարանի պրոֆեսորների աշխատավարձերը: Մասնավորապես, ներկայումս Տիգրան Ավինյանի գործավարը ստանում է 357 000 դրամ աշխատավարձ, քաղաքապետի տեղակալի գործավարը՝ 261 800 դրամ: Ընդ որում՝ Տիգրան Ավինյանն ունի 2 գործավար, իսկ նրա բոլոր տեղակալների գործավարների թիվը 5 է: