ՔՊ-ն «300» դրամը այլ տեղից է քերելու․ «Հրապարակ»


ՔՊ-ն «300» դրամը այլ տեղից է քերելու․ «Հրապարակ»
Հունվար 30 08:19 2025

«Հրապարակը» գրում է ․ Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երեւանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ եւս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:

Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։

Եվ որոշել են իջեցնել մեկ ուղեվարձի արժեքը։ Ուշագրավ է, որ վարչության նիստը դեռ չավարտված` Տիգրան Ավինյանը տարածեց տեսանյութ եւ քաղաքացիներին աչքալուսանք տվեց` շեշտելով, որ լսում է բոլորի քննադատությունները, կարդում եւ նման հետեւության է հանգել։ Դրանից 1-2 ժամ հետո միայն ՔՊ-ական պատգամավորներն ակտիվացան, որոնք ընդամենը օրեր առաջ փրփրաբերան հիմնավորում էին տրանսպորտի թանկացման ծայր անհրաժեշտությունը, որ եթե չթանկացնեն, վերադառնալու ենք «մահվան գազելներին»: Ի դեպ, նիստում խոսել են նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին, որն առաջիկայում քննարկման թեմա կդառնա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 30․ 01․ 25 թ համարում։