Հունվարի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակվել Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ պարզվել էր, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ էր, այլ հրկիզում։ Հրկիզել էին Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը և ժամանած հրշեջ-փրկարարները տեղում հայտարարել էին հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
«Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնում գույքի դիտավորյալ ոչնչացման համար փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Նշված հանցագործությունը բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու համար մեծածավոլ աշխատանքներ էին կատարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր Կոտայքի մարզի քրեական վարչության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ծառայողները, ովքեր էլ ձեռք էին բերել հավաստի փաստեր, ինչի հիման վրա էլ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ոստիկանություն էին տեղափոխել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործչի։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները չենք բացահայտում։ Նշված անձինք կասկածվում են խոշոր չափի գումարի դիմաց տեխսպասարկման այդ կետը հրկիզելու մեջ»,-հայտնում է shamshyan.com-ը։