Կառավարության դիմաց բողոքի ակցիաները շարունակվում են։ Մի խումբ քաղաքացիներ բողոքում են կառավարության հարկային քաղաքականությունից՝ շրջանառության հարկի կրկնակի բարձրացումից, նաև տրանսպորտի, աղբի տուրքի բարձրացումից, պարտադիր հայտարարագրից։
«Ասում է՝ գնացեք, ամերիկաները հարկ տվեք, ես էտ Ամերիկայի տեղը գիտեմ, որ հարկ տվող լինեի, իմ հայրենիքի մասին չմտածեի, ժամանակին կգնայի, հիմա քանի հազար դոլար էլ տակս կլիներ, ոչ թե հիմիկվա պես, ոչինչ էլ չունեմ... Էս ուրա մեզ ուղարկում, հիմա ավելի լավա ինքը գնա՞, թե՞ մենք գնանք»,-ասաց բողոքի դուրս եկած քաղաքացիներից մեկը։
Ըստ նրա, ինքը քանի տարի է՝ հարկ է վճարում և չի հրաժարվում հարկից, բայց պահանջում է հաստատագրված հարկ սահմանել։ «Ես էտքան հարկ եմ տալիս, ինքը 25 մլն բյուջեից փոշիացնում է, ու ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում։ Անձնական ինքնաթիռով են թռնում, քանի հազարանոց ավտո են առնում, տակները դնում, որ մենք չգիտենք՝ ինչ է, գիշեր ցերեկ էշի պես բանվում ենք։ Հարկատուների հաշվին շքեղության մեջ են ապրում, հիմա էլ հարկատուների գխին բամփում են։ Հա լավ, ղալաթ արինք՝ ընտրեցինք, սաղս էլ ընդունում ենք, որ սխալվել ենք, հիմա չի կարելի այդ սխալի համար ամեն ինչ անել մեր գլխին»,-ասաց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ բողոքեց, որ «հենց հարկերը բարձրացնելու մասին է խոսում, հիշում են, որ պետությունը մենք ենք»։
Նշենք, որ հունվարի 1-ից փոքր բիզնեսներին տրվող արտոնությունը՝ շրջհարկը կրկնակի բարձրացել է, մինչ այս իրենց շրջանառության 5 տոկոսի չափով էին վճարում, այժմ պետք է 10 վճարեն: Սա ավելացված արժեքի հարկին փոխարինող հարկատեսակ է, ավելի ցածր տոկոսադրույքներով: Այսինքն՝ Հայաստանի հազարավոր ձեռներեցներ երկու անգամ ավելի շատ հարկ պետք է մուծեն: Կառավարությունը չի թաքցնում ու դեռ անցած տարի հայտարարել է՝ պատրաստվում են քայլ առ քայլ հրաժարվել այս արտոնությունից և բիզնեսներին հարկման ընդհանուր դաշտ բերել:
Նշենք, որ օրերս բողոքի ցույցի էին դուրս եկել ոսկյա զարդերի վաճառքով զբաղվողբերը, ապա հագուստ վաճառողները։










