Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան


Ոչ ոք մեզ զենք չի վաճառի, եթե ասենք, գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, դառնալու ենք թիրախ․ Փաշինյան
Հունվար 25 23:05 2025

Արարատի դիսկուրսի ներքո մենք չենք կարող ունենալ մարտունակ բանակ, Արարատի դիսկուրսի ներքո չենք կարող ժամանակակից զենքեր գնել։

Այս մասին հանրայինի եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործված, գրեթե ժամկետները անցած զենքներ։ Ընդ որում՝ մի մասը կնվիրեն, մի մասը կվաճառեն, որովհետև իրենք մեկ է չէին օգտագործելու այն դեն էին նետելու, ինչն էլ մեզ հետ երկար տարիներ տեղի է ունեցել։ Այս խոսույթի ներքո մենք հայրենասիրական մղումներով ամեն օր կկորցնենք մեր հայրենիքը»։

Նա ընդգծեց, որ Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու կամ ձեռնարելու հիմնավերումներ են ձևավորվում։

«Մենք դրա ի պատասխան ասում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և մենք բացի մեր ինքնիշխան տարածքի անվտանգությունը պահելու խնդիր չենք դրել և չենք դնելու։ Մենք պատրաստ ենք դրա մասին միջազգային պաևտավորություն ստանձնելու։

Եթե մեր խոսույթն այն լինի, որ գնանք Արարատի նկարով ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ մեզ զենք չի տալու, որովհետև ոչ մեկ չի ուզում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։

Կարող ենք մեր խոսույթներն այդպես ձեւակերպել: Դա նշանակում է գնալու ենք Արարատ գրավե՞նք, Մուշ ու Արդահան գրավե՞նք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կամ թեկուզ ազատագրենք, ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է մեզ դարձնել թիրախ», - ասել է Փաշինյանը` հավելելով, որ դա ինքնաոչնչացման ճանապարհ է:

Նա ընդգծեց, որ մենք «վաղը, մյուս օրը, հավերժ պետք է մնանք այս ռազմավարության մեջ, որովհետև դա է, որ կապահովի մեր պետության հարատևությունը։ Հակառակ դեպքում մենք մեր պետությունը ոչնչացնելու կոալիցիաներ ենք ստեղծելու մեր շուրջ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արարատը լրջագույն ռազմավարական խոսույթ է։