Ի՞նչ չափ չափորոշիչներով էիք առաջնորդվում Ձեր ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ Ալեքսանդր Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հարցն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Խամոյանը նաեւ պատասխանի տարբերակներ առաջարկեց. «Տարբերակ մեկ՝ սեռական բնույթի իր հայհոյանքները, տարբերակ երկու՝ ՔՊ-ական լինելը, տարբերակ երեք՝ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված լինելու լուրերը և տարբերակ չորս՝ առաջարկեք ձեր տարբերակը»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տարբերակ չորս՝ ԲԴԽ նախագահի թեկնածության համար անհրաժեշտ պարամետրերի առկայություն։ Հիմա, որ դուք ասում եք՝ ձեր ստեղծած, ձեր ստեղծած… Մեր ստեղծած ինստիտուտները իրենց ինստիտուցիոնալ դերը կատարել են, ձեր ստեղծածը չի կատարել։ Այդ ինստիտուտները հենց նման դեպքերի համար են ստեղծվել, որ լինեն տարբեր ֆիլտրեր, և այդ ֆիլտրերը աշխատել են։
Ասում եք վարչապետական համակարգ, ավտորիտար ռեժիմ, սուպերիշխանություն, կոռուպցիա, ձեր ասածով հիմա ուրիշ սցենար պետք է լիներ։ Էդ որ ասում ենք՝ հակակշիռների և փոխզսպումների համակարգ: Հիմա ես ձեզ հաճույքով տեղեկացնում եմ, որ Հայաստանում հակակշիռների և փոխզսպումների համակարգը կոնկրետ ձեր նշած օրինակով գործում է, ինչի առիթով շնորհավորում եմ ձեզ և մեզ և բոլորիս»,-ասաց Փաշինյանը:
Խամոյանն իր հերթին հայտարարեց. «Երբ ասում եք՝ ֆիլտրեր, ի՞նչ ֆիլտրի մասին է խոսքը, դուք չգիտեի՞ք ում էիք բերում և ԲԴԽ-ի անդամ առաջարկում: Այդ Հովիկ Աղազարյանի SMS-ների ամբողջ բովանդակությանը ծանոթ եք, բա Սիրունյանի ֆեյսբուքյան բաց հրապարակումներին ծանոթ չէի՞ք: Հովիկ Աղազարյանին հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների համար՝ անձնական նամակագրություններում, կուսակցությունից հեռացրեցիք, բա մեկ այլ կուսակցի բերում եք և առաջարկում եք ԲԴԽ անդամ, ով պետք է ստուգի այլոց բարեվարքությո՞ւնը: Ով լինելով ՔՊ-ական, պետք է քաղաքական չեզոքություն ունենա, բայց ապահովի դատավորների անկախությո՞ւնը»:
Փաշինյանն էլ արձագանքեց. «Դուք ասեցիք ձեր տարբերակը, ես էլ ընտրեցի իմ տարբերակը: Հիմա դուք ինչի՞ց եք դժգոհ, ես էլ չեմ լավ հասկանում։ Դուք ուզում եք ասել, որ կարող է այնքան էլ լավ թեկնածու չէինք ընտրել: Մենք որոշում ենք կայացրել, այդ որոշումը եկել է հակակշիռներին և փոխզսպումների մեխանիզմով անցել է, ֆիլտրվել է և թեկնածուն այսօր որոշել է ինքնաբացարկ հայտնել:
Հիմա այդ ձեր ասած մնացած բոլոր հարցերը համապատասխան ընթացակարգերով կգնան, կպարզաբանվեն։ Եվս մեկ օրինակ, որ ՀՀ-ում օրենքը գործում է, հակակշիռների փոխզսպումների մեխանիզմը գործում է, այդ չէի՞նք ուզում, այդ էինք ուզում, և դա այսօր ձեր աչքի առաջ տեղի է ունեցել»: