«Հրապարակը» գրում է․ Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»։
Ավելի ուշ՝ Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի մասին ակնարկ անգամ չկա վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ռուսական կողմի՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տվել Վլադիմիր Պուտինին․ «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, նախ համաձայնություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին, ապա ռուսական կողմի նախազգուշացումներից հետո, հավանաբար, փորձում կրուտիտներ անել ու արդարանալ, որ այդ ամենը ՌԴ-ի դեմ չէ։ Մենք գրել ենք, որ ռուսական կողմի սպառնալիքները, մասնավորապես, կամ՝ ԵՄ, կամ՝ ԵԱՏՄ-ը երկընտրանքի պարտադրումը լուրջ անհանգստություններ են առաջացրել Փաշինյանի մոտ։
Նա անցած շաբաթ հավաքել է որոշ թիմակիցների եւ Իջեւանում քննարկում անցկացրել, թե ինչպես կարելի է շրջանցել ՌԴ-ի հնարավոր սահմանափակումների հետեւանքով մեզ սպառնացող լրջագույն հարվածները։ Սակայն, ըստ էության, ելքեր չեն առաջարկել եւ Փաշինյանը, հայտնվելով անելանելի վիճակում, սեփական նախաձեռնությամբ որոշել է խոսել «ցարի» հետ, պարզաբանել վիճակը եւ մեղմել հարվածները։ Ի դեպ, նախապես տեղեկություն կար, որ խորհրդարան ուղարկված ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի նախագիծը պետք է առաջին՝ հունվարի 20-ի նիստին ընդունվի, սակայն այն ԱԺ լիագումար նիստի օրակարգում անգամ չի ընդգրկվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 01․ 25 թ համարում։