«Իրավունք» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի պաշտոնավարումը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում այլեւս դարձել է անհնար: Թեպետ կա մի տարբերակ՝ ուրանալ սեփական կենսագրությունը, ջնջել այն հիշողությունից հիմնովին: Իսկ թե այդ դեպքում ինչի կվերածվի, այս մասով լուսահոգի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը բավական խիստ բնորոշում ունի: Բայց վերադառնանք Մխիթար-անմխիթար իշխանություն հարաբերություններին:
Այսպիսով՝ Մխիթար Հայրապետյանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան»: Սրանով վերջինս ոչ միայն ի չիք է դարձրել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Մխիթար Հայրապետյանի ստացած կրթությունն, այլեւ ամոթով թողել ծնողների առաջ: Չէ որ երբեմնի արեւելագետ Մխիթար Հայրապետյանը հպարտանում էր վանեցի հոր եւ մշեցի մոր արմատներով: Ավելին՝ իբրեւ գիդ, դեռ 2017 թվականին Արեւմտյան Հայաստան մարդիկ էր տանում: Այո՛, այո, իրական եւ ոչ թե նիկոլական Արեւմտյան Հայաստան: Ու հիմա մի՞թե պիտի լռի արեւելագետ նախարարը:
«Երբ միաժամանակ լսում ես Վանա լճի ձայնն ու հայ դաշնակահար Տիգրան Համասյանի ու Երեւանի պետական կամերային երգչախմբի համատեղ կատարումը, հասկանում ես, որ խոսքերով այդ ամենը նկարագրել որեւէ կերպ չես կարող ու, պարզապես, պետք է լռես, եւ ես հենց այդպես էլ կանեմ՝ կլռեմ…», - 2015 թվականին գրում էր դեռեւս իշխանության փոշին վրան չնստած Մխիթար Հայրապետյանը: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հիմա էլ հենց այդպես էլ կանի՝ կլռի՛, միայն թե Վանա լճի ձայնն իրեն հանգիստ չի տալու: Այս մղձավանջն իր ընտրությունն է»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։