ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար


ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար
Հունվար 13 11:34 2025

Հայաստանում արտադրողականության բարձրացման համար միայն սարքավորումը բավարար չէ, պետք է նաև ունենալ որակյալ մասնագետներ։ Սա մեր տնտեսության ամենաթույլ կողմերից մեկն է, ցավոք. տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Գրեթե չկա ընկերություն, որ գնացել եմ, ու մասնագետի խնդիր չենք տեսել՝ գյուղատնտեսության ոլորտում, սննդի արդյունաբերության ոլորտում, մետաղաձուլության մեջ, IT-ի ոլորտում։ Այդ նպատակով մենք բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրն ենք իրագործում»,-ասաց նա։

Ըստ նախարարի՝ ծրագրով 45 շահառու կազմակերպություն կա, և 511 մասնագետ է այս պահին ներգրավվել։

«Մինչ այժմ 2,6 մլրդ դրամի փոխհատուցում ենք տվել այդ ընկերություններին։ Մենք ընկերություն ունենք, որտեղ աշխատողների մեծ մասն ԱՄՆ-ից է եկել։ ՀՀ-ում են աշխատում և օգտվում այս ծրագրից, ինչ արտադրում են բարձր տեխնոլոգիական ոլորտում, 100 տոկոս արտահանում են ԱՄՆ։ Այո, մի քանի միլիոն դրամ վարձատրվող են, որովհետև այդ մասնագետներն այդպես են վարձատրվում և այդ մարդկանց աշխատավարձերի 20 տոկոսը պետությունն է տալիս»,-ասաց նա՝ նշելով, որ այս տարվանից պայմանները փոխվել են։