Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան


Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան
Հունվար 10 13:15 2025

2006 թվականին եղել եմ խորհրդարանի պատգամավոր, այդ ժամանակ կառավարությունը փորձում էր փոխել օրհներգը, երկար քաղաքական պայքար եղավ խորհրդարանում, «Դաշնակցություն» խմբակցությունով հաջողեցինք տապալել կառավարության այդ նախաձեռնությունը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

 Ընդդիմադիր պատգամավորը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ ասելով.

 

«Պարո՛ն Գաբրիելյան, ասում եք, որ ՀՀ կառավարության որոշմամբ օրհներգն օրենքով նախատեսված այլ դեպքերում կարող է օգտագործվել նաև կրճատ տարբերակով։ Մարզական խաղերի, պարգևատրման արարողությունների դեպքում լրիվ հասկանալի է, բայց հիմա որտե՞ղ է երաշխավորությունը, որ կառավարությունը գրեթե բոլոր արարողակարգերի համար չի հաստատի մեկ քառատողով օրհներգի կատարում։ Այսինքն, լայն հնարավորություն եք տալիս կառավարությանը, որ ուղղակի աչքաչափով, մենակ խորհրդարանի նստաշրջանի բացմանն ամբողջությամբ կատարվի, մնացած բոլորում չկատարվի»։

 

Նա նաև հետաքրքրվեց՝ եթե այս օրենքն ընդունվեց, խորհրդարանի դահլիճում մի քանի օրից պետք է կատարվի «Մեր հայրենիքը», ինքն էլ որպես Գեղամ Մանուկյան, ասենք՝ որոշում է քառատողերի հերթականությունը փոխել, այսինքն՝ օրենքը խախտել, դրա համար կա՞ նախատեսված պատասխանատվություն ։

 

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ ինչքանով տեղյակ է՝ կա պատասխանատվություն. «Բոլոր տեղերում, որ գնացել ենք, այս գրված նոտաները խախտվել են, ամեն ինչն էլ խախտվել է և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ենթադրում եմ, որ վարչական պատասխանատվություն կլինի»։

 

«Դուք եք հիմնավորումներում նշել, որ օրհներգը կարճ տարբերակով որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով ու հավանության է արժանացել հանրության կողմից։ Ես հասկանում եմ, որ քանի որ կառավարությունը չուներ պաշտոնական ձայնագրություն, ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է, օրինակ, տողերը փոխեն, կամ Ալեն Սիմոնյանը մի հատ ինչ-որ փոքր երգչախումբ է գտել ու այս խեղճ մարդկանց էլ՝ Քննչական կոմիտե, ԱԱԾ, Ազգային ժողով, ամեն տեղ տանում են և, խախտելով Հայաստանի Հանրապետության օրենքը, արդեն փոխված հերթականությամբ վերջին ամիսներին հնչեցնում են ու հպարտանում, որ իրենք վարչական իրավախախտում են արել, բայց դե գիտեք, Հայաստանում դա արդեն սովորական է»,- նկատեց Մանուկյանը։