Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է


Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Հունվար 8 21:49 2025

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վաչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի և Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տաք հետքերով հայտնաբերել են հունվարի  6-ին, Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Թերեզա Գրիգորյանին և նրան դեպքի վայրում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դ․ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վ․ Բազունցի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Էրեբունու ոստիկաններն ու ՃՏՀ քննության բաժնի քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Թ․ Գրիգորյանին վրաերթի է ենթարկել Երևանում հաշվառված 72-ամյա Դանիել Գալիմյանը, ով երեկ՝ հունվարի 7-ին, հայտնաբերվում է Երևանի Նոր Արեշ թաղամասում իր կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, որով էլ հենց վրաերթի է ենթարկվել Թ․ Գրիգորյանը։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։