Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց - Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին, որոնցից 3-ը երեխաներ են, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լիպարիտ Խաչատրյանն ու Սարուխան Խաչատրյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։