Տառերի պուրակի մոտ վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու «Gazel»-ը, 13 վիրավnր կա․ նոր մանրամասներ տուժած քաղաքացիների առոջական վիճակից


Տառերի պուրակի մոտ վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու «Gazel»-ը, 13 վիրավnր կա․ նոր մանրամասներ տուժած քաղաքացիների առոջական վիճակից
Հունվար 6 22:03 2025

Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ մի մասը՝ «Աշտարակ», մյուս մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի փոխանցմամբ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո, առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Եվս մեկ տուժող Աշտարակ բժշկական կենտրոնում է, որը ևս շուտով դուրս կգրվի:

Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: