Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։