Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»


Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 27 08:11 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու:

 

Անգամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը նրա կոկորդին է, ու դրա հետ «անողոք կռիվ է տալիս»:

 

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանությունների մանրախնդրության պատճառով:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ հարկատուների հաշվին «սնվող» Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ:

 

Ինչպես Մայր աթոռից էին հայտնել՝ Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվել էր:

Պարզվում է, որ հայրենի իշխանությունների «հրահանգով» Հ1-ը այս տարի եւս որոշվել է չհեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ ճղճիմ պատճառաբանությամբ:

 

Կաթողիկոսի ուղերձը, չգիտես ինչու, ցանկանում են հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, մինչդեռ տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր հոգևոր առաջնորդի՝ կաթողիկոսի հայրապետական ուղերձը:

 

Ստացվում է՝ Փաշինյանի մանրախնդրությունն ու փառասիրությունը թույլ չեն տալիս, որ կաթողիկոսի ելույթն իր ելույթից առաջ հեռարձակվի»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: