Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան


Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան
Դեկտեմբեր 25 20:20 2024

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ է ուղարկվել դատարան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավապաշտպանի կինը:

«ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք:

Մասնավորապես, այսօր ՔԿ-ն նոր գործ ուղարկեց դատարան՝ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ։

Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել և նշել, որ «Նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»։

Նախաքննության ընթացքում քննիչը դիմել էր ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ և ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք։

Փաստացի չկա որևէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ՝ չի կարճվել։

Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը Կարապետ Պողոսյանի կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք և փորձում ենթարկել պատասխանատվության։

Իրականում, այո՛, մենք էլ ենք համարում, որ Նիկոլը անեծք է մեր երկրի գլխին և նրան պետք է դատել, բայց հենց նրան ու իր թիմին»: