ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին


ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Դեկտեմբեր 24 14:34 2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
 
Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։
 
Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխոիմները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ այն փաստը, որ արդեն իսկ գրեթե 100 տոկոսով համալրված են դատավորների հաստիքները, ինչն իր հերթին կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափմանը և գործերի քննության ժամկետների կրճատմանը։
 
Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։
 
Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 12-ին Երևանում կայացած ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, նշվել է, որ այն կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ ԱՊՀ երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ դատական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և զարգացման համար։
 
Հատկանշական է, որ այս համագործակցության շրջանակներում ԱՊՀ երկրների դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության ակադեմիայում։
 
Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված համագործակցությունը նաև դատական ոլորտում։
 
Պատրաստկամություն է հայտնել աջակցել դրա խորացմանը՝ մասնավորապես դատավորների վերապատրաստումների ոլորտում երկու երկների արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում։