Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե»


Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե»
Դեկտեմբեր 23 15:50 2024

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը գրել է.

«Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ։ 
 
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակով և հատկապես Սիրիայի հայ համայնքի ճակատագրով։ Մասնավորապես, մենք դատապարտում ենք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ամոթալի գործելակերպը, ինչպես նաև ՀՀ գործող վարչախմբի անհաղորդ վարքագիծը Սիրիայի հայության հանդեպ։
 
Ելնելով Սիրիայում ստեղծված իրավիճակից` մենք պահանջում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից անհապաղ երկխոսություն սկսել Սիրիայի փաստացի իշխանությունների հետ՝ տեղի հայության անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ինչպես նաև կազմակերպել Սիրիայի հայ համայնքի հայրենադարձությանն ուղղված անհապաղ գործողություններ` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն։
 
Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների կացության կազմակերպման նպատակով պահանջում ենք՝
 
Հայաստան տեղափոխված մեր բոլոր հայրենակիցներին սահմանված կարգով տրամադրել մշտական կացության քարտ կամ փախստականի կարգավիճակ։
 
Հարկային արտոնություններ տրամադրել Սիրիայում գործող և Հայաստան տեղափոխվող մասնավոր ընկերություններին ու անհատ ձեռներեցներին։
 
Սիրիական բուհերում սովորող հայ ուսանողներին ընդգրկել հայաստանյան համապատասխան բուհերում»։