ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։
Դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, թե այն բանից հետո, երբ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել է իր միջազգային գործընկերներին, հայտնվել է Կառավարության թիրախում։
«Իմ գրության մեջ հատուկ շեշտել էի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը թիրախավորված հոդվածներ են տարածել պատգամավոր Աղազարյանի սեռական կողմնորոշման վերաբերյալ:
Իմ քաղաքական գործունեության արդյունքում, այդ գրություններից հետո, ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը: Նա ոչ միայն իր սոցիալական էջում, այլև՝ իր հետ փոխկապակցված կայքերում իմ հասցեին տարածել է ոչ միայն վիրավորական և անհիմն պնդումներ, այլև հրապարակել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր ես տարիներ առաջ ապօրինի ձայնագրել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ նիստ և այն փոխանցել Սերժ Սարգսյանին»,- նշել էր Թագուհի Թովմասյանն՝ ընդգծելով՝ քանի որ ինքը չի մասնակցել որևէ նման հանդիպման, հետևաբար, չէր կարող իրականացնել ապօրինի ձայնագրություն։
Պատգամավորը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` պահանջելով նախաձեռնել վարույթ և քննությամբ պարզել՝
Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունն ո՞վ կամ ովքե՞ր են արել, ե՞րբ և ի՞նչ պայմաններում, ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել հիշատակված հանդիպմանը և ինչպե՞ս են փոխանցել այդ ձայնագրությունը, հարցաքննել Տարոն Չախոյանին՝ պահանջելով փաստեր իր հայտարարությունների վերաբերյալ, իսկ ապացույցների բացակայության դեպքում նրան պատասխանատվության ենթարկել՝ սուտ մատնության հատկանիշներով։