10 տարի մեռյալ կետից 1 մմ չենք շարժվել, Երևանում նոր աղբավայրի մասով տված խոստումին տեր պետք է լինենք. Ավինյան


10 տարի մեռյալ կետից 1 մմ չենք շարժվել, Երևանում նոր աղբավայրի մասով տված խոստումին տեր պետք է լինենք. Ավինյան
Դեկտեմբեր 23 11:24 2024

Վերջին յոթ տարիների փորձը ցույց է տվել, որ առհասարակ այդ մեռյալ կետից մի միլիմետր անգամ ավել չենք գնացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երեւանում նոր աղբավայր կառուցելու ծրագրին:

«Կարծում եմ, հետևյալ տրամաբանությունը պետք է գործի. հիմնական աշխատանքի առաջին փուլի նպատակն է ստանալ երկփուլ մրցույթի տեխնիկական առաջադրանք, որը համայնք-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ մեզ տալու է մի նոր աղբի վերամշակման գործարանի փաթեթ, որը նաև իր մեջ ենթադրելուէ Էրեբունու կամ Նուբարաշենի աղբավայրի ամբողջական կոնսերվացումը։

Եվ շատ կարևոր է նաև ժամանակը, որովհետև մենք ունենք տված նախընտրական խոստում ու նուբարաշենցիներին և այդ խոստման տերը պետք է լինենք: Հաջորդիվ ակնկալվելու է ձեզանից ժամապլան-ժամանակացույց»,-ասաց նա՝ դիմելով քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրափի Հայկազյանին:

Քաղաքապետի խոսքով, եթե շատ երկար բանակցությունները տևեն միջազգային գործընկերների հետ, այդտեղ նույնպես քաղաքապետարանը ֆինանսավորի. «Որովհետև մեզ համար ժամանակից ավելի կարևոր գործոն չկա: Տեսեք, 10 տարի այս աղբավայրի թեման ծամծմվել է մի գերատեսչությունից մյուս գերատեսչություն, եկել պտտվել է 10 տարի և կանգնել ենք նույն տեղում:

Լավ է, որ մենք ասեցինք՝ ժողովուրդ ջան եկեք այդ ծրագիրը ուղղակի փակենք, թե չէ ևս մի հինգ տարի այդպես էլի կշարունակեինք շրջանառել, բարելավել այդ փաթեթը, որ 15 տարի անցներ: Հիմա խնդրում եմ, որպեսզի այս նույն պրոցեսը տեղի չունենա, , ֆինանսական միջոցներ, Երևանի քաղաքապետարանը նույնպես պատրաստ է տրամադրել:

Մենք ունենք մեկ նպատակ, առաջին նպատակը առաջին փուլով երկփուլ մրցույթի որակական փաթեթը ստանալն է: Մեզ պետք են միջազգային ընկերություններ, որոնք որ կմասնակցեն այդ երկփուլ մրցույթին և ընտրել է պետք լավագույն առաջարկը։ Լավագույն առաջարկն է ամենաօպտիմալ առաջարկը, որը որ կկոնսերվացնի մեր Նուբարաշենի աղբավայրը և կկազմակերպի համեմատաբար ամենաարդյունավետ նոր վերամշակման գործարանի ծրագիրը»,- հայտարարեց Ավինյանը:

Քաղաքապետին տեղակացվեց, որ հաջորդ շաբաթ կներկայացնեն պլան ժամանակացույցը: