ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվեն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները միայն. Թունյան


ԱԱՀ հարկման դաշտ կտեղափոխվեն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները միայն. Թունյան
Դեկտեմբեր 4 12:03 2024

Մասնագիտական ծառայությունների որոշ տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից՝ ավելացված արժեքի հարկի ռեժիմ տեղափոխել առաջարկող ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթում փոփոխություններ են արվել՝ հաշվի առնելով հնչած մտահոգությունները։

Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց նախագծի հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ տեղեկացնելով որ տեխնիկապես չեն հասցրել լրամշակել նախագիծը, բայց հանձնառություն են ստանձնել և թվարկված ծառայությունների մեծ մասը չեն տեղափոխվի ԱԱՀ դաշտ, բացառությամբ 1-2 ծառայությունների։

«Մնացածը կաշխատեն շրջանառության հարկի ռեժիմում, իրենց համար կաշխատի միայն մի հանգամանք, եթե այդ ընկերությունները ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարողանա այդ ձեռքբերումները ծախսագրել, սա արվում է հնարավոր չարաշահումները կանխելու համար, որպեսզի խոշոր ընկերությունները շրջհարկով աշխատող ընկերություններ ստեղծեն և փաստացի վճարվող հարկերը նվազեցնեն»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ երբ ասվում էր, որ փոփոխությունների փաթեթը վերաբերվում է 13 000 տնտեսվարողների, հիմա հստակ կարելի է ասել, որ տնտեսվարողների թիվը անհամեմատ քիչ կլինի։ «Դրա մեջ կմտնեն հաշվապահական, իրավաբանական, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Մնացած ընկերությունները, որոնք աշխատում են մասնագիտական ծառայությունների մյուս ոլորտում ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվի»։