Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ»


Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 4 08:21 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Առաջին հայացքից սա հերթական պաշտոնական միջոցառումը կարող է թվալ, կամ աշխարհաքաղաքական իմաստով՝ ռուսների հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր: Բայց, արի ու տես, որ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս նիստը սկանդալով է ուղեկցվել:

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Դիլիջանում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին նախատեսված է եղել ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների մասնակցությունը, սակայն ռուս պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան, եւ նրանց մերժումը պատճառաբանվել է Հայաստանի կողմից վավերացված Հռոմի ստատուտով:

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները մտավախություն են ունեցել, որ իրենց այցը Հայաստան կարող է անկանխատեսելի ելք ունենալ, ընդհուպ՝ ձերբակալության տեսքով: Ըստ այդմ, ռուս գործընկերները ՔՊ-ականներին փոխանցել են, որ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմն իրենց հերթին երաշխիքներ չեն տվել ռուս պատգամավորներին, որ Հռոմի ստատուտի պահանջները իրենց դեպքում չեն գործի և իրենք չեն ձերբակալվի: Արդյունքում՝ միջխորհրդարանական այս հանձնաժողովի նիստը անցել է առանց Պետդումայի պատգամավորների: Միայն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչներն են ներկա եղել եւ հայկական կողմի ներկայացուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանից մեկնաբանություններ ստանալ այս առիթով, բայց չհաջողվեց՝ ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ հեռախոսազանգի միջոցով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: