Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22: 30-ի սահմաններում անհայտ անձը բժշկական դիմակով, երեսը փակած և զինված ատրճամակով ներս է մտել Սարյան փողոցի թիվ 1 հասցեում գործող դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող վաճառողուհուց պահանջել է դեղատան եղած ողջ գումարը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Կայքը գրում է, որ դեղատուն են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժի պետ Գարիկ Ղուկասյանը և Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը՝ օպերատիվ խմբերի հետ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության փորձաքրեագետն ու կինոլոգը:
Ոստիկանները դեղատան հարևանությամբ գտնվող շենքերից մեկի մոտ հայտնաբերել են գետնին գցած բժշկական դիմակ, գլխարկ և խաղալիք ատրճանակ, որոնք դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից առգրավվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










