Լեհաստանի և Ուկրաինայի սահմանի վրա բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և հակառակ ճամբարի ակտիվիստների միջև: Այս մասին հայտնում է РИА Новости-Украина-ն:
Նշվում է, որ բախմանը, որին մասնակցել է Սաակաշվիլիի մոտ 100 կողմնակից, որոնք սպասում են նրա սահմանահատմանը ուկրաինական կողմում, ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:
Մինչդեռ Սաակաշվիլին պնդում է հակառակը և ցանկանում է հատել լեհ-ուկրաինական սահմանը՝ ձեռքին եղած փաստաթղթերը ներկայացնելու նպատակով:










