Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան


Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան
Նոյեմբեր 22 10:36 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ:

Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդ­ների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաս­տանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջա­կանությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում: 

Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»: