Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար:
«Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք ըստ էության, այսօր երևում են հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում: Ես կուզեմ ընդգծել պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեությունը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և տեղավորելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու գործում և նաև այս տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արագ արձագանքման գործում»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում ծավալած համատեղ գործունեությանը՝ վարչապետը նաև նշել է, որ Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկը լինելով, ունի կազմակերպչական մեծ կարողություններ և հույս հայտնել, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ Գնել Սանոսյանն ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում:
«Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»,- ասել է վարչապետը և հավելել, որ Դավիթ Խուդաթյանը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, գրեթե մեկ տարի Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, որը նույնպես պակաս կարևոր փորձառություն չէ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախարարության օրակարգը մեծ է, ռազմավարական և համոզմունք հայտնել, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների և խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստակամ կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստակամ կլինի դրանք լսել, ընդունել և հետևություններ անել:
Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ՏԿԵ նախարարի պաշտոնն իրեն վստահելու, համատեղ աշխատանքի համար:
«Ոչ միայն նախարարության ընթացիկ աշխատանքներն ու ոլորտներն են շատ, և այդ ոլորտներում փորձել ենք բազմաթիվ աշխատանքներ անել, այլ նաև մի շարք չպլանավորված բարդագույն իրավիճակներ են եղել և փորձել ենք գործընկեր գերատեսչությունների, նախարարության ոլորտային գործընկերների, մարզպետների, համայնքապետերի հետ այդ աշխատանքները կազմակերպել»,- ասել է Գնել Սանոսյանը և կարևորել այն հանգամանքը, որ նորանշանակ նախարարը տարածքային կառավարման ոլորտից է, ինչն արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարևոր է: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության աշխատակազմին իրականացված աշխատանքի համար: «Տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ են արվել, աշխատանքներ կան ավարտվել են, աշխատանքներ կան ընթացքի մեջ են, նոր պլանավորած աշխատանքներ կան, որոնք համոզված եմ, որ պարոն Խուդաթյանի գլխավորությամբ կշարունակվեն լավագույն կերպով»,- ասել է Գնել Սանոսյանը և պատրաստակամություն հայտնել ոչ միայն կիսվել անհրաժեշտ ինֆորմացիայով, այլև փորձել աջակից լինել ծրագրերի առաջընթացին:
Դավիթ Խուդաթյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ և գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջ: Նաև շնորհակալ եմ պարոն Սանոսյանին համատեղ երկար, արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է նորանշանակ նախարարը: