Ազգայինի և պետականի կեղծ և մտացածին հակադրությունը որևէ հիմնավորում չունի․ Լիլիթ Գալստյան


Ազգայինի և պետականի կեղծ և մտացածին հակադրությունը որևէ հիմնավորում չունի․ Լիլիթ Գալստյան
Նոյեմբեր 20 19:24 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«ԱԺ-ում իմ և Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կառավարության կողմից շրջանառվող «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին նախագծի հեղինակ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, պատգամավորներ, անհատ կատարողներ։

Գործող օրենքը մշակույթի ոլորտի ամենահայեցակարգային օրենքն է, որը սահմանում է պետության հանձնառությունների և մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքերը։

Ըստ էության, խառնաշփոթի և իրավական նոնսենսի է ենթարկվել գործող օրենքը, ուր մի շարք փոփոխությունների կողքին նախատեսվում է հրաժարվել ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակից՝ Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային օպերա և այլն, նաև

սահմանվում է ԻՆՔՆԱԶԲԱՂ մշակույթի/արվեստի գործիչ հասկացությունը։

Ներկաների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ԻՆՔՆԱԶԲԱՂ հասկացության սահմանմանը և դրանից բխող իրավահարաբերություններին, մնացին անպատասխան, քանի որ ԿԳՄՍ փոխնահարար Դանիել Դանիելյանի հայտարարությամբ՝ կսահմանեն, հետո կհասկանան, թե ինչ չափորոշիչներով է հստակեցվելու այս սեգմենտը և ինչ պարտավորություններ է ստանձնելու պետությունը։

Անտրամաբանական, իմաստազուրկ և անընդունելի էր նաև փոխնախարար Դ․ Դանիելյանի այն հիմնավորումը, թե Ազգայինը հանվում է «Պետականություն» բառի ավելի արժևորման և նրա օգտագործումը կանոնակարգելու նպատակով։

Նախ՝ ազգայինը և պետականը սոսկ բառեր չեն, այլ՝ բովանդակություն ունեցող հասկացություններ են, և հետո՝ սա կեղծ և մտացածին հակադրություն է, որը, բնականաբար, որևէ հիմնավորում չունի։

Համաշխարհային պրակտիկան նույնպես մերկացնում է կառավարության անհեթեթ, քննադատության չդիմացող հիմնավորումները․ Բրիտանական ազգային գրադարանը՝ Լոնդոնում, Ֆրանսիայի Ազգային գրադարանը՝ Փարիզում, Ջեֆերսոնի ազգային գրադարանը՝ Վաշինգտոնում, Բաստիլ ազգային օպերան կամ Իռլանդիայի ազգային պատկերասրահը, Իտալիայի, Լեհաստանի կամ Պորտուգալիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլն։

Սրանք ազգային կարգավիճակ ունեն տվյալ ժողովրդի, նաև համամարդկային մշակույթի մեջ ունեցած բացառիկ դերակատարության համար։

Վերջիններս, ինչպես և մեր Օպերան, Պատկերասրահը կամ Ազգային գրադարանը մեր ինքնության և ժառանգության մասն են։

Եվ ինչ ցավալի է, որ այս պարզ ճշմարտությունները բարձրաձայնվելու կամ ՔՊ-ական իշխանությունից պաշտպանվելու կարիք ունեն։

Սա է իրականությունը  և սա Դանիել Դանիելյանի տիրույթում չէ․ ՔՊ-ական իշխանության քաղաքական արժեքաբանության տիրույթում է, իշխանություն, որը խորշում է ազգային ամեն բանից․ սա զիջելու և ազգային ինքնությունը մերժելու, ազգային սիմվոլներից հրաժարվելու հերթական ապազգային քայլն է։

Իսկ նախարարությունը պատասխաններ չուներ ․․․»։